Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու գաղափարի մասին
Այսօր կառավարության արտահերթ նիստին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մինչ օրակարգին անցնելը անդրադարձավ այսպես ասած «խոպանչիների հարկման» նախաձեռնությանը:
«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Բացառվում է այդպիսի բան»,-ասաց նա: Արարատ Միրզոյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կան:
Նա վստահեցրեց, որ միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել։ ««Խոպանչիներին հարկելու» նախաձեռնության օրինակի դեպքում աղավաղվել է ու սխալ է մեկնաբանվել այն։ Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,-ասաց նա։
Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ սրան։ «Նույնիսկ եթե կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահել, որ որևէ մեկը իր եկամուտից, ասենք օրինակ՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից արդեն հարկ է վճարում ու փոխանցվում է Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»,- ասաց նա և նշեց, որ սա գաղափար է, որը պետք է քննարկվի։
«Կտեսնենք՝ ինչքան դրական կողմեր ունի, ինչքան բացասական»,-ասաց նա, ապա ավելացրեց, որ այս հարցn այլ նրբերանգներ, մանրամասներ ունի:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ քննարկվում է, որ Կառավարության կողմից կա նախագիծ, որով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նոր հայեցակարգ է առաջ քաշվելու: Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազացնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%:










