Վ. Բաղդասարյանը հաստատում է՝ տրանսֆերտները հարկելն իրենց ժամանակ էլ քննարկվել է, թեև ինքը միշտ էլ դեմ է եղել, Վ. Էնֆիաջյանը նոր հարկերն անտեղի է համարում

14:32 • 19.11.18

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հաստատում է, որ ՊԵԿ-ի նախաձեռնությանը, որ այսուհետ դրսից եկած գումարները՝ տրանսֆերտները, պետք է  հարկվեն, իրենց իշխանության ժամանակ ևս քննարկման առակա է եղել:

Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց, որ թե´ նախորդ իշխանության և թե´ այս իշխանության ժամանակ ինքը դրան դեմ է եղել:

«Դուք գիտեք՝ ինչ նշանակություն ունեն տրանսֆերտները մեր երկրի համար, և չեմ ուզում պատմական էքսկուրս ունենալ, երբ 90-ականներից մենք լուրջ խնդիր ենք ունեցել և կարողացել ենք տրանսֆերտների միջոցով պահպանելու մեր զարգացումը կամ կայունությունը և դրան պետք է շատ ուշադիր լինենք»,-ասաց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ նման որոշում ընդունելու դեպքում գումարի օրինական  փոխանցման ճանապարհները կվերանան, թեև մարդիկ ցանկություն կունենան իրենց հարազատներին օգնելու և կգնան զարտուղի ճանապարհով: «Տրանսֆերտների քանակը կտրուկ կիջնի, և ես միշտ էլ դեմ եմ եղել այդ մոտեցմանը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ՊԵԿ-ն առաջարկում է նախագիծ, որով եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրելու ու դրա 23 տոկոսը՝ որպես եկամտային հարկ, վճարելու պետությանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ սոցիալական ծանր իրավիճակներում ոչ թե հարկային բեռը բարձրացնում են, այլ մեղմում են և դրանով տնտեսությունն ավելի մեծ թափ է ստանում:

«Հարկային դաշտն անընդհատ կոշտացնելը, շեմը բարձրացնելը կամ նոր հարկեր ներդնելը կամ այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել, «հորինելն» անտեղի եմ համարում: Պետք է մտածել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխելու, հնարավոր ներդրումներ և ներհոսք ապահովելու մասին, ոչ թե փորձել ամեն տեղ հարկեր ավելացնել», - ասաց նա: