Համացանցում են հայտնվել Ազովի ծովում ՌԴ սահմանը «խախտած» ուկրաինական նավերի լուսանկարներն ու տեսանյութերը
Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերը, որոնք, ըստ ռուսական կողմի, նոյեմբերի 25-ին Ազովի ծովում խախտել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը, գտնվում են Կերչի նավահանգստում:
Ինչպես նշում է tass.ru-ն, համապատասխան տեսանյութն ու լուսանկարները հրապարակվել են համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Բերդյանսկ», «Նիկոպոլ» երկու զրահանավակն ու «Յանի Կապու» քարշակն այժմ ծածկված են քողարկիչ ցանցով: Քարշակի մի հատվածում տեսանելի են ռուսական նավերի հետ կապված միջադեպի հետևանքով առաջացած վնասվածքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:














