«Ծպտուններդ չհանեք բանակի մասին, դուք թալանել եք բանակը». Նիկոլ Փաշինյանի արձագանքը` ՀՀԿ-ի կոչերին
Դուք հաղթել եք, և սրանից հետո հաղթողի զգացողությունը երբեք ձեզ չպետք է լքի: Արթիկ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին, ասաց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Այս ընտրություններում և դրանից հետո մենք մեր հաղթանակը չէ, որ հետապնդում ենք, մենք ձեր հաղթանակն ենք հետապնդում, որովհետև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը հետևյալն է. տարբեր ընտրություններում տարբեր քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքներով կլինեն առաջինը, երկրորդը, թե հինգերորդը, բայց բոլոր ընտրությունների արդյունքում հաղթողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ մինչ հեղափոխությունը տեղի ունեցած բոլոր ընտրություններում քաղաքացին ձայնը տալիս էր մեկ ուժի, բայց հաղթող էր ճանաչվում մեկ այլ ուժ. «Սրանից հետո ՀՀ քաղաքացին միայն պետք է հաղթի, որովհետև ինքը պետք է տեսնի, որ պաշտոնական արդյունքները ձևավորվել են իր քվեարկության արդյունքում»:
«Մեզ համար մեծագույն պատիվ է ձեր ձայնին արժանանալը: Հավատացեք, ձեր ամեն ձայնին նայում ենք որպես սրբության, որովհետև մենք ծառայում ենք ձեզ, մենք ուրիշ առաքելություն չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ներկայիս իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ծպտուններդ չհանեք բանակի մասին, «Հանրապետական» եք, ինչ եք, դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետև դուք արժեզրկել եք բոլոր արժեքները: Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը և ձեր համար «Բռաբուսներ» եք առել: Հիմա դուք պետք է ծախեք ձեր «Բռաբուսներ»ը, որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իշխանությունը սխալներ թույլ տվել է, բայց ըստ նրա՝ առանց դրա հնարավոր չէ աշխատել: «Անսխալական մարդ չկա, բայց մենք ձեզ ոչ մի բանում չենք խաբել և չենք խաբելու: Հեղափոխությունից հիասթափություն չի կարող լինել: Եթե որևէ մեկը հիասթափվի հեղափոխությունից, կնշանակի՝ հիասթափվի ինքն իրենից: Որ պահին դուք մեզանից հիասթափվեք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հեռացնելու իշխանությունից Ձեր ամենազոր քվեով:
Տեսնելով որ ժողովուրդը չի հիասթափվում, նրանք որոշել են կեղծ լուրերի միջոցով հիասթափեցնել: Օրինակ՝ ասում են՝ վարչապետի կինը ուղղաթիռով է եկել Արթիկ, հույս ունեմ, որ բոլորդ էլ գիտեք, որ այդ ինֆորմացիան սուտ է: Բայց ինչի՞ համար են անում, ուզում են ցույց տալ, որ ոչ մի բան չի փոխվել, բոլորն էլ նույնն են: Ով ասում է, որ բոլորն էլ ստահակ են, ամենամեծ ստահակն իրենք են»,- նշեց Ն. Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ճշմարտությամբ իրենք ջախջախիչ հարված են հասցնելու իր թիմի մասին բոլոր ստոհոդ տեղեկություններին. «Համոզված եմ, որ ժողովուրդն այս ընտրություններում հստակ այոն կասի ճշմարտությանը և հստակ ոչը՝ ստին ու կեղծիքին: Որոշ քաղաքական ուժերի դուր չի գալիս, որ երկրում այսպիսի մթնոլորտ է, որ մարդիկ ժպտում են: Մի մասը սևավորվել է: Մեզ մեղադրում էին, որ փողոցներում սև ժապավեններ էինք կախում, անկեղծ եմ ասում, մենք դրա հետ ոչ մի առնչություն չենք ունեցել, մարդիկ ինքնաբուխ էին գրում: Մեզ մեղադրում էին, հիմա իրենք ինչ են գրել, գրել են «Շարմազանով 2018», «Վիգեն Սարգսյան 2018»: Այդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է, իբր ՀՀ-ն սև՞ է: Եթե դուք նկատի եք ունեցել, որ ձեր քաղաքական մահն է արձանագրվելու այս ընտրություններով, առաջին անգամ իրավիճակը գնահատել եք սթափ և իրական»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 9-ին անակնկալ է սպասվում, Ն. Փաշինյանն ասաց. «Ես գիտեմ՝ ինչ անակնկալ է: Դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց չեն քվեարկել»:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամների՝ խորհրդարանը 1.5-2 տարի աշխատելու հայտարարությանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիներն այլ բան չորոշեն:
«Դուք որոշել եք, որ Ձեզ իրավունք է տրված խորհրդարանի, երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը: Ես Ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ: Մեր ժպիտները և քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն»,- նշեց նա:










