Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է երկրում 30 օրով ռազմական դրություն սահմանելու մասին որոշումը

23:50 • 26.11.18

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն սահմանել 30 օրով, այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:

Ավելի վաղ որոշումը ստորագրվել էր երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:

Հայտնի է, որ ռազմական դրություն կսահմանվի Ուկրաինայի բոլոր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի հատվածներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:  

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: