Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, պայքարում են Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն

09:38 • 28.11.18

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հայտնում է ria.ru-ն՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:

Հայտնի է, որ առաջին փուլում նախագահի պաշտոնին էր հավակնում 25 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ ստանալ: Արդյունքում երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում,  որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը: Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:


Հայտնի է, որ երկրում գործող 3.703 և արտասահմանում բացված 55 ընտրատեղամասերում ընտրելու իրավունք ունի 3.528.658 մարդ:

Աղբյուրը հավելում է, որ քվեաթերթիկները տպագրվել են վրացերեն, հայերեն ու ադրբեջաներեն:


Ավելի վաղ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի պատվերով ամերիկյան հեղինակավոր Edison Research ընկերության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայել էին, որ երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Գրիգոլ Վաշաձեն:

Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, պայքարում են Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոլ Վաշաձեն