Ազնավուրի որդին պատմել է՝ ինչպես է լեգենդար շանսոնյեն 1988թ. երկրաշարժի ժամանակ մոբիլիզացրել միջազգային հանրությանը (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Սպիտակի ողբերգական երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկոյին ներկա են եղել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, «Ավրորա»-ի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարիա Սոչինսկայան և բազմաթիվ այլ հյուրեր:
Երեկոյի ընթացքում Նիկոլյա Ազնավուրը պատմել է՝ ինչպես է հայրը 1988թ. Հայաստանին օգնելու համար մոբիլիզացրել ամբողջ միջազգային հանրությանը:
«Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց 1988թ. ողբերգությանն ու անմիջապես գործի անցավ: Հենց այդ նույն գիշերը նա Ժորժ Գարվարենցի հետ գրեց Pour toi Armenie («Քեզ համար, Հայաստան») երգը՝ մոբիլիզացնելով արտիստների Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո՝ ամբողջ միջազգային հանրությանը»,-նշել է լեգենդար շանսոնյեի որդին:
Նա հավելել է, որ իրենց շուրջը մարդկանց համախմբելու և ապրումակցելու ընդունակ անձանց ներկայությունը համայն մարդկության զարգացման առանցքային գործոնն է:




















