Ուկրաինան արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալին հղումով:
«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Այսօրվա դրությամբ սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելված է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր:
«Սակայն դրանց պետք է շատ զգույշ վերաբերվել՝ այն իմաստով, որ այդ համաձայնագրերը «սպանելը» չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:










