Հայաստանին ռուսական «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման մասին պայամանագրի նախապատրաստումը մոտենում է ավարտին. Դավիթ Տոնոյան
Հայաստանը և Ռուսաստանն ավարտում են Երևանին «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը:
Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին:
«Մենք ձգտում ենք, որ դա շատ արագ տեղի ունենա: Մոտենում ենք պայմանավորվածության ստորագրման ավարտական փուլին: Ներպետական ընթացակարգեր են տարվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում», - ասել է Տոնոյանը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:
Տոնոյանի խոսքով՝ երկու երկիրն էլ ներպետական մակարդակով ավարտում են սպառազինում ձեռք բերելու նպատակով Հայաստանին 100 մլն դոլարի ռուսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման ընթացակարգերը, հատկապես՝ որոշակի տեսակի տեխնիկայի մատակարարման հարցում:
Տոնոյանն ընդգծել է ռազմական ոլորտում ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ միջոցառման են նախապատրաստվում, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ միջոցառման մասին է խոսքը:
Նոր արտահանման վարկի տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է դեռևս 2017-ի հոկտեմբերի 24-ին: Վարկը Հայաստանին տրամադրվում է 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով և մարման 15 տարվա ժամկետով:










