ԱԺ-ն ստացել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու վերաբերյալ. Արա Բաբլոյան

12:47 • 03.12.18

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու համար: 

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Պատգամավոր Արամ Հարությունյանը մեղադրվում է $14 մլն կաշառք ստանալու մեջ: