Մենք միջնորդում ենք, որ Վերաքննիչը դիմի ՍԴ, և եթե 300 և 300.1 հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա գործը, այլ մեղադրանքի բացակայության դեպքում, կավարտվի. Արամ Օրբելյան
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու արդյո՞ք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարող է քննարկվել կալանքի հարցը և համապատասխան որոշում կայացվել:
Այս մասին այսօր դատական նիստի ընդմիջումից հետո Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Հարցին, թե բուն բողոքի մասով այսօր դատարանը կգնա խորհրդակցական սենյակ, թե ոչ, Արամ Օրբելյանն ասաց, որ դժվարանում է ասել. «Ներկայացված երկու միջնորդությունն էլ վերաբերում է տարբեր հոդվածների սահմանադրականության հարցին»:
«Հետևյալ հարցադրումն ենք անում՝ արդյո՞ք կարող է դատարանը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա որոշել անձին կալանավորել՝ հիմք ընդունելով ապացույց չհամարվող նյութեր», - ասաց Օրբելյանը: Հաջորդ միջնորդությունը, որը դեռ պետք է ներկայացնի դատարանին, վերաբերում է 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300, հետո՝ 300.1 դարձած հոդվածներին.
«Մեզ համար այս հոդվածը որոշակի չէ։ Նայեք, սկզբում եղել է 300 հոդված, հետո՝ 2009-ին փոխվել է ու դարձել 300.1 հոդված։ Մենք գտնում ենք, որ նախկին հոդվածը և 300.1 հոդվածը այսօր երկուսն էլ չունեն, չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին»:
Հարցին, թե եթե այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա հնարավոր է, որ գործն ավարտվի, Արամ Օրբելյանն ասաց. «Եթե այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա դա հիմք է լինելու, որ այս գործն ավարտվի, եթե այլ մեղադրանքներ չլինեն»։
Արամ Օրբելյանը մանրամասնեց, որ ամենայն հավանականությամբ, եթե ոչ այսօր, ապա հաջորդ նիստին քննությունը կմոտենա ավարտին: Նա ասաց, որ պաշտպանական կողմի երկու միջնորդությունից մեկը շարունակում է ներկայացնել:
Հիշեցնենք, որ արդեն հինգ օր է՝ Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու մասին բողոքը:










