Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Ն. Փաշինյանը. վարչապետի մամուլի խոսնակ

19:20 • 04.12.18

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Ըստ Եղոյանի՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը դեկտեմբերի 6-ին չի կայանալու:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «ՌԴ նախագահն իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք: Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի, և կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը»,– ասել է  Փաշինյանը:

 

Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Ն. Փաշինյանը. վարչապետի մամուլի խոսնակ