ԶՈՒ ՍՈՒ-25-ը վթարվել է Մարալիկի լեռներում, օդաչուները զոհվել են (լուսանկարներ)

12:33 • 04.12.18

15: 58

Մարալիկի տարածաշրջանում մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ:

«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 378-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ:

15:32

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ: Այս պահին դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ լրատվության բաժնի պետ Նաիրա Հարույթունյանը:

15:23

Ավելի ուշ ՊՆ-ն դեպքի մասին հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասված է.

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»:

14:16

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»։

13:54


ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:

«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,-նշել են վարչությունից:

12:33

Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:

Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: 

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորած ինքնաթիռում 2 հոգի է եղել: