Ա. Լուկաշենկոն պնդում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը. Ն. Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է՝ նիստ չի եղել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գործնականում հաջողվել է լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, այս մասին Բելառուսի նախագահն ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված կարճատև հարցազրույցում: «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք: Եվ սկզբունքորեն կարգավորեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը, ինչպես ժամանակին և հայտարարել էր Նուրսուլթան Նազարբաևը:
Սակայն մենք պայմանավորվել են ըստ համակարգի, թե ինչպես տեղի կունենա նշանակումը. անհատական խորհրդակցություններ կլինեն ՀԱՊԿ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրի ղեկավարի հետ, և նրանք կստորագրեն այդ որոշումը», - մեկնաբանել է Լուկաշենկոն:
Պատասխանելով մասնավորեցնող հարցին՝ վերջինս հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:
Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:
Ըստ Արման Եղոյանի՝ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսեսուսով: «Հայաստանը ոչ մեկին խնդրանքով ու առաջարկությամբ չի դիմել, մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի հարցի շուրջ:
Ես բազմիցս ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում, և ամենակարևոր հարցը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցը կազմակերպության, երկրների առաջ եղած հարցն է: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային չէ»,-ասել էր նա:
Հարցին, թե Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ հանդիպելու դեպքում անպայման քննարկվելու են առաջացած հարցերը:










