Նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել աղետի գոտու մնացած 542 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

11:33 • 07.12.18

Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ներկայացրեց «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը:

Ըստ նրա՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել  5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:

Ավետիք Էլոյանը  նշեց, որ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Ըստ նրա՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը:

«Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն. դրամ»,-ասաց նա:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով նախատեսվել է, որ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Նախատեսված է մինչև 2020 թ. տարեվերջ ավարտին հասցնել աղետի գոտու մնացած 542 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծումը. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ