Փարիզում լայնածավալ բողոքի ակցիայի մեկնարկից առաջ ոստիկանությունն ավելի քան 120 մարդու է ձերբակալել

12:32 • 08.12.18

Այսօր առավոտյան Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում «դեղին անթև բաճկոնների» լայնածավալ բողոքի ակցիայի մեկնարկից առաջ 121 մարդու են ձերբակալել, որոնցից 34-ը կալանքի տակ են պահվում: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ France Info-ին հղումով:


Լրատվամիջոցի տվյալներով՝ ձերբակալվածների մի մասը կալանքի տակ է «բռնի գործողություններ կամ վնաս հասցնելու նպատակ հետապնդող խմբերին մասնակցության պատճառով»: Կալանավորվածների մոտ հայտնաբերվել են դիմակներ և մուրճեր:  


Ի դեպ, Փարիզի փողոցներում ոստիկանները բողոքի մեծ ցույցից առաջ ստուգում են անցորդներին:


Հիշեցնենք, որ այսօր Փարիզում տեղի կունենա բողոքի զանգվածային ակցիա: Իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:


Հայտնի է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: