«Լուսավոր Հայաստանը» քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը. Էդմոն Մարուքյան

14:54 • 10.12.18

Շատ մեծ աշխատանք է կատարվել, շատ մեծ ճանապարհ է անցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ շնորհակալություն հայտնելով թիմի հավատարիմ անդամներին։

«Ուզում են նաև շնորհակալություն հայտնել պատգամավորի մեր 150 թեկնածուներին, նրանց վստահված անձանց, շտաբի պետերին, կենտրոնական շտաբի պետ Դավիթ Խաժակյանին և բոլոր նրանց, ովքեր որոշել են մեզ հետ ճանապարհ անցնել»,-շարունակեց նա։

Էդմոն Մարուքյանը հրապարակեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը՝ կապված երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։

«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն են, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արժևորում է օրինական ընտրությունների կազմակերպման իրողությունը և երախտագիտություն հայտնում մեր կուսակցությանը վստահության քվե տված քաղաքացիներին։ Մենք սա համարում ենք մեր եռամյա ակտիվ գործունեության գնահատականը, ապացույցը, որ Հայաստանի հասարակությունն իրապես ունի ազատական ու եվրոպական մոդելի երկիր կառուցելու անվերապահ պահանջ»,- ասաց նա։

ԼՀԿ նախագահը շարունակեց՝ նկատելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվում է հեղափոխությունը և թևակոխում է համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ, որտեղ խորհրդարանն ունի հայեցակարգային մոտեցումներ ունեցող, փոխզսպող ու հակակշիռ հանդիսացող ուժի անհրաժեշտություն։ Նա հայտարարեց, որ իրենք՝ որպես խորհրդարանի միակ ընդդիմադիր ուժ, բաց են արտախորհրդարանական ուժերի ու անհատների հետ աշխատելու համար։

«ԼՀԿ-ն քաղաքակրթական ու արժեքային ընդդիմություն է ձևավորված քաղաքական մեծամասնությանը, միաժամանակ մտահոգ ենք, որ անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսն ու քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանքը, որի դեմ պայքարը լինելու է մեր ուժի առաջնահերթություններից մեկը։ Մենք հավատարիմ ենք ԼՀԿ  որդեգրած արժեքներին ու սկզբունքներին»,- ԼՀԿ խորհրդի հայտարարությունը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայներ: