«Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը». միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին

11:13 • 10.12.18

Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես՝ բրիտանական The Guardian-ը գրում է, որ «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի «Իմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների 70.43%-ը:

«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:

Մինչդեռ BBC-ն Փաշինյանի թիմի հաղթանակը «համոզիչ» է որակում:

Աղբյուրը նաև նկատում է, որ սովորաբար Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են  խարդախություններով ու ձայների գնման պրակտիկայով, սակայն դեկտեմբերի 9-ի ընտրությունները լուսաբանող լրագրողները նշել են, որ այս անգամ  միանգամայան տարբերվող ընտրությունների հույս են տեսնում:

Միևնույն ժամանակ աղբյուրը մեջբերում է Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա ենթադրել է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:

France 24-ն իր հերթին նշում է, որ ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված:

Աղբյուրը մեջբերել է ոլորտի վերլուծաբանների կարծիքը, համաձայն որի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառն այն է, որ Փաշինյանի վարկանիշն այժմ բարձրագույն կետին է:

«Ընտրությունները կազմակերպվել են հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա: Սակայն ընտրություններից հետո այդ հուզականությունն անխուսափելիորեն կթուլանա և Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը»,-մեջբերել է աղբյուրը վերլուծաբան Գևորգ Պողոսյանի տեսակետը:

Yahoo News-ը գրում է, որ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակը հնարավորություն կտա Փաշինյանին կոնսոլիդացնել իշխանությունը:

Հեղինակավոր Washington Post-ը նկատում է, որ «խարիզմատիկ» Փաշինյանի վարկանիշն առավել բարձր է երիտասարդների շրջանում՝ չնայած, որ այստեղ ևս կա տարակարծություն:

«Փաշինյանը նոր կյանք է հաղորդել մեզ: Ես հավատում եմ Հայաստանի ապագային»,-մեջբերում է  աղբյուրը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի համակիր  Գրիգոր Մելիքսեթյանի խոսքը:

Նրան հակադարձում է մեկ այլ ընտրող Բելլա Նազարյանը, որի համոզմամբ  Փաշինյանը հմտորեն մանիպուլյացիաներ են անում ժողովրդի փայփայած հույսերի հետ:

«Նա պոպուլիստ է ու ստախոս: Հույս ունեմ, որ գոնե մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն»,-ասել է Նազարյանը:

Վերջինիս հետ համակարծիք է նաև 37-ամյա ինժեներ Սահակ Մխիթարյանը, որին անհանգստացնում է Փաշինյանի «բաժանարար հռետորաբանությունը»:

«Նա ցանկանում է ներքին թշնամիներ ստեղծել ու ատում է նրանց, ովքեր չեն կիսում իր գաղափարները»,-նշել է ընտրողը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում  «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70% 

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 811 ընտրող կամ  3.89%

«Իմ քայլը» դաշինք - 884 456 ընտրող կամ 70.43%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող, 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4122 ընտրող, 0.33%

«Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող, 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող, 8.27%

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: