Եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, բայց դրանք մնացել են թույլատրելի, «կենդանի» քարոզարշավի շրջանակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար
Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ընտրողների կողմից ցուցաբերված բարձր վստահության մթնոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկը:
Նա նշեց, որ իրենք սկսել են դիտորդական առաքելություն իրականացնել դեռ քարոզչության փուլից, դիտարկել են թեկնածուների գրանցման գործընթացը, ԶԼՄ անդրադարձերը:
«Մենք նշում ենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը: Մեր գնահատականն այս ընտրություններին հետևյալն է. մարդու հիմնարար ազատությունների իրավունքը պաշտպանվել է, ընտրողների վստահությունը շատ բարձր էր: Պարտականությունը պետք է իրականացվի ժողովրդի վստահությունը բավարարելու համար: Մենք առաջարկություններ ենք արել թերությունների վերաբերյալ, քննարկել դրանք, որոնք հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտին, կանոնակարգերին»,- մանրամասնեց Գաչեկը:
Նա ասաց, որ իրենք պատրաստ են օգնել թերությունները շտկելու գործընթացում:
Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ ընտրողների ու թեկնածուների նկատմամբ: Իսկ նախորդ ընտրություններում, նրա խոսքով, եղել են նման դեպքեր. «Եթե դուք կարդացել եք նախորդ ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը, ապա մենք ասել ենք, որ եղել են ճնշումներ, եղել է քվեների առք ու վաճառք: Տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ խոսել են սպառնալիքների, ճնշումների մասին: Միշտ ապացույցներ ենք պահանջել: Եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, բայց դրանք մնացել ենք թույլատրելի, «կենդանի» քարոզարշավի շրջանակում: Մենք չենք տեսել արտառոց ոչինչ այս քարոզարշավում»:









