ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավվեց նրա կինը. հայրը հեռացվեց գործի վարույթից (տեսանյութեր)

11:29 • 12.12.18

12:58

Դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և Յուրի Տեփանոսյանի հոր և փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ վերջինիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավելու մասին, մերժեց:

Հիշեցնենք, որ Արայիկ Պապիկյանը նույն գործով նախկինում պաշտպանում էր Արայիկ Խանդոյանի շահերը:

Այնուհետև ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը դատարանին հայտնեց, որ ցանկանում է ներգարվվել որպես տուժողի իրավահաջորդ: Այժմ տուժողի իրավահաջորդը Տեփանոսյանի հայրն է:

Դատավորի կողմից հնչեցվեց հարց, թե հիմա տուժողի կինն ուզում է վերականգնել իր իրավունքները և ներկայանալ որպես իրավահաջորդ, Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանն էլ նշեց, որ իր հարսի հետ խնդիրներ են առաջացել, ինքը կարծում է, որ որդին մահացել է ոստիկանների կրակոցներից, իսկ հարսը կարծում է, որ «Սասնա Ծռեր» խումբն է սպանել նրան:

Յուրի Տեփանոսյանի հայրը նշեց, որ հարսը նախկինում չի ցանկացել գալ դատարան և հայտնել է, որ միջավայրն իր համար ճնշող է եղել, ինչը հաստատեց նաև Տեփանոսյանի կինը:

Տեփանոսյանի կինը նաև հայտնեց, որ այժմ ցանկանում է վերականգնել իր իրավունքները:
Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա դատախազներն ընդգծեցին, որ Տեփանոսյանի կինը պետք է գործով լինի իրավահաջորդ՝ համաձայն Քրեական օրենսգրքի կարգավորումների: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հրապարակեց որոշումը, համաձայն որի՝ Վահրամ Տեփանոսյանի լիազորությունները դադարեցրեց և վերջինիս հեռացրեց գործի վարույթից, իսկ տուժողի իրավահաջորդ ներգրավեց նրա կնոջը՝ Արփինե Թումասյանին:

Նշենք, որ Արփինե Թումասյանը սեպտեմբերի 25-ին ոստիկանության պետի կողմից սպայի ուսադիրներ է ստացել, նա ոստիկանության ծառայող է:

12:04

Նիստն ընդմիջվել է, նախկինում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը համաձայնել է դառնալ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Նիստն ընդմիջվել է, դատարանը գնացել է որոշում կայացնելու:

Այդ ընթացքում Tert.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանն ասաց, որ շահերի բախման խնդիր չկա, իրենց համար որևէ տարբերություն չկա, թե պաշտպանությունն ով կիրականացնի. «Արդարությունը մեր ձեռքում է, ով էլ լինի պաշտպան, մենք պաշտպանված ենք արդարությամբ: Ինչ ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, Բիլյան Արմենն արդար և ազնիվ ապստամբ է, և նրան պետք է ազատ արձակել, կայծակնային արագությամբ»:

Հարցին, թե համաներման կարիք չկա՞ արդյոք, «Սասնա Ծռերը» հայտնել էր, որ համաներման կարիք չունի, այս ընթացքում զոհերի հարազատների հետ խոսե՞լ եք, շփումներ եղե՞լ են, Պավել Մանուկյանն ասաց. «Մինչև դատավորությունը չվերջանա, զոհերի հարազատների մոտ չենք գնա, մենք արդար ենք, իսկ դատավարությունից հետո՝ որպես անմեղ զոհեր, որովհետև նրանք նախկին իշխանության, ցեղասպան իշխանության զոհերն են, դրանից հետո մենք կգնանք նրանց հիշատակը հարգելու»:





11:29

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին տուժողները պետք է իրենց համաձայնությունը տան կամ առարկեն համաներման ակտին, որը տարածվում է նաև «Սասնա ծռերի» վրա:

Համաներումը տարածվում է բոլոր ամբաստանյալների վրա, բացառությամբ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

Նշենք, որ  2016 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող  անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Նշվածը  չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան: