Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է 2 ժամով (թարմացվող, տեսանյութ)

11:02 • 13.12.18

13:36

Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է 2 ժամով: Պաշտպանական կողմը պահանջել է նյութեր դրանց ծանոթանալու և հետագայում կալանավորման պայմանների և հիմքերի վիճարկման տեսանկյունից այդ նյութերը շատ կարևոր են:

Այս մասին նիստի ընդմիջումից լրագրողներին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատական ակտ դեռ կայացված չէ, դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 15-ը: Չեմ կարող ասել՝ այսօր ակտ կկայացվի, թե ոչ»,- ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է քննչական գործողություններին, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ցուցմունք է տվել և հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հարցին, թե ով է Գևորգյանի դեմ ցուցմունք տվել և արդյոք այդ անձը Սիլվա Համբարձումյանն է, պաշտպանն ասաց, ամեն դեպքում եթե կալանավորման միջնորդություն է ներկայացվում, բնականաբար, ներկայացնում է որոշակի փաստական տվյալներ և հանգամանքներ. թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ են ներկայացվել, պաշտպանն ասաց, որ չի կարող հրապարակել:

«Կաշառքի չափի վերաբերյալ ևս տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Արմեն Գևորգյանը լքել է նիստերի դահլիճը:


---------------

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Նոր Նորքի նստավայր) քննում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Երեկ այդ հարցով նիստը հետաձգվել էր։

Դատական նիստին մասնակցում է նաև Արմեն Գևորգյանը: Նախքան նիստի մեկնարկը նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչինչ չի ասելու, մինչև դատական նիստը չավարտվի:

Հարցին, թե ընդունում է արդյոք մեղադրանքը, Արմեն Գևորգյանն ասաց.«Մեղադրանքին ծանոթ եմ. հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում և մնացած բոլոր պարզաբանումները կներկայացնեն իմ պաշտպանները նիստից հետո»:

Դատարանի կայացվելիք որոշման վերաբերյալ Արմեն Գևորգյանն ասաց. «Եկե՛ք ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»:

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նրա մեղադրանքը այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։