Ջավախքի ժողովուրդը վրդովմունքի մեջ է, ՌԴ-ում 5000-ից ավելի ջավախահայ աշխատող Նոր տարվա նախաշեմին չի կարողանում վերադառնալ հայրենիք. Հենզել Մկոյան

12:42 • 15.12.18

Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Ըստ նրա՝ արդեն իսկ շուրջ 10 երիտասարդի ձերբակալել են:  

Հենզել Մկոյանը նշեց, որ շուրջ 1 ամիս է՝ բողոքում են ջավախեցիները, որովհետև երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել և հիմա վերադառնալով՝ փաստի առաջ են կանգնել: «Մեր Ջավախքի երիտասարդները ՀՀ քաղաքացիություն են ստացել, որպեսզի կարողանան գնալ ՌԴ՝ աշխատելու, գիտեք վրացական անձնագրերով չեն կարող գնալ, բայց այդ դեպքում, եթե դու զորակոչի տարիքի ես՝ 18-27 տարեկան, պետք է զինծառայողի վկայական ունենաս, ովքեր ունեցել են վրացական  բանակում ծառայության վկայական, խնդիր չեն ունեցել, իսկ ովքեր չեն ունեցել, հենց տեղում՝ ՀՀ-ում, նրանց առաջարկել են, որ եթե ուզում եք այս վկայականն էլ կանենք օրենքով, ամեն ինչով, այս մարդիկ էլ հավատացել են և անձնագիր են ստացել, որ գնան աշխատեն ՌԴ-ում: Իրենք ոչ մի բանում մեղք չունեն, նրանք միայն տուն պահելու համար են այդ քայլին գնացել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ժողովուրդը հիմա վրդովմունքի մեջ է և դրա համար դուրս է եկել բողոքի: Մկոյանը տեղեկացրեց, որ այսօր երիտասարդները պետք է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում ունենան Երևանում:  

Բացի այդ, ըստ նրա՝ երկուշաբթի էլ ինքը Վրաստանի կառավարության անդամներին է խնդրել, որ ՀՀ կառավարության հետ կապ հաստատեն, քննարկեն խնդիրը, լուծում տան: «ՀՀ կառավարությունը պետք է ելք գտնի խնդրի լուծման համար, չեն կարող մի քանի հազար մարդու ձերբակալել, չէ՞: Միայն ՀՀ կառավարությունից է լուծումը կախված, ես Վրաստանի կառավարության հետ խոսել եմ, մեր ձեռքը ոչ մի բան չկա, թե չէ մենք վաղուց լուծած կլինեինք»,- ասաց նա և նշեց, որ դեկտեմբերի 17-ին ինքը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետի հետ:

«Կխնդրեմ, որ վարչապետը նորից զանգի, ասի, որ այդպես չի կարելի, մեղք են այդ երիտասարդները, գնացել բանվորություն են արել, որ տուն պահեն, հիմա չեն կարողանում տուն գալ, վախենում են, որ կամ կձերբակալեն, կա´մ բանակ կտանեն»,-ասաց նա և նշեց, որ լուծման տարբերակներից է, որ այդ երիտասարդները Վրաստանում  ծառայության անցնեն: