Խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է. ԱԳՆ-ը՝ Լավրովի՝ ՀՀ-ում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին
Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Tert.am-ի դիտարկմանը, թե ինչի մասին է խոսել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ, այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-հայտարարել է արտգործնախարարը:










