ՀՀ–ում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթը վկայում է ՀԱՊԿ–ում ճգնաժամի, այդ կառույցի անգործության մասին. Մոդեստ Կոլերով

21:52 • 17.12.18

Այն, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում, վկայում է ՀԱՊԿ-ի անգործության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

Նա նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունն իր համար անակնկալ չէ, որովհետև Հայաստանի գործողությունների պատճառով ՀԱՊԿ-ում ստեղծվեց ճգնաժամ:

«ՀԱՊԿ-ն՝ որպես անվտանգություն ապահովող կառույց, չի աշխատում: ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բոլորի համաձայնությամբ, բայց Հայաստանը որոշում կայացրեց ինքնուրույն: Արդեն շատ է խոսվել, որ Յուրի Խաչատուրովին առանց հետ կանչելու Հայաստանի նոր իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել, այսինքն՝ առանց մնացածի տեսակետը հաշվի առնելու որոշում կայացրել՝ վտանգելով Կազմակերպության հեղինակությունը»,- նշեց Կոլերովը:

Այնինչ, ըստ վերլուծաբանի, Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, որովհետև կազմակերպության շրջանակում ինքնարժեքով զենք-զինամթերք է ձեռք բերում:

Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ն չունի՞ Հայաստանի կարիքը, նա պատասխանեց. «Չունի: Հայաստանը ՀԱՊԿ անդամներից ցամաքային հեռավորություն ունի: Իսկ Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, եթե Հայաստանը չունենար ՀԱՊԿ-ի կարիքը, վաղուց դուրս կգար: Բայց ՀԱՊԿ-ն ձեռնտու է Հայաստանին»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին: 

Պաշտոնյան հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկի ու սպառնալիքի տեսանկյունից թափանցիկ կլինի»,-հայտարարել է արտգործնախարարը:

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ ԱՊՀ ցանկացած երկրում ՌԴ-ն, ի տարբերություն ԱՄՆ-ի, մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի: