ԱՄՆ-ում 47-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է 12-ամյա աշակերտին սիրահետելու պատճառով

06:26 • 19.12.18

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 47-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ խոստովանել է, որ սիրահարված է իր 12-ամյա աշակերտին: Այդ մասին հաղորդում է New York Post-ը:

Բնական գիտությունների դոկտոր Անդրեա Ջիմենեզը մեղադրվում է տղայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Կինն ազատ է արձակվել 17.5 հազար դոլար գրավի դիմաց:

Արձանագրության համաձայն՝ ուսուցչուհին մշտապես աշակերտին դասերից հետո իր սենյակ է կանչել, փորձել է գայթակղել նրան, նույնիսկ համբուրել է, իսկ ամառային արձակուրդներին մի քանի սոցիալական ցանցերով շփվել է նրա հետ:

Սիրելի աշակերտին ուղղված նամակներից մեկում ուսուցչուհին գրել է. «Ես քեզ համար դժոխք էլ կգնամ, քեզ համար կմեռնեմ, կդադարեմ ուտել, որպեսզի քեզ կերակրեմ: Իմ սերը քո նկատմամբ այնքան իրական ու մեծ է...»: Մեկ այլ նամակում նա տղային անպարկեշտ առաջարկություն է արել, մյուսում՝ խնդրել է չշփվել հասակակիցների հետ: Ուսուցչուհին պարբերաբար տղային նվերներ է արել՝ հագուստ, խաղալիք, գրքեր:

Նամակագրությունը բացահայտել է տղայի մայրը և դիմել դպրոցի ղեկավարությանը, ինչից հետո Անդրեա Ջիմենեզը հեռացվել է աշխատանքից, ավելի ուշ՝ ձերբակալվել: