Արգենտինայում խուզարկություն է իրականացվել գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և ընկերությունում

20:54 • 20.12.18

Արգենտինայի Դաշնային ոստիկանությունը չորեքշաբթի խուզարկություններ է իրականացրել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը, ինչպես նաև միլիարդատիրոջը պատկանող Corporación América ընկերության գրասենյակներում:

Ինչպես հայտնում են արգենտինական լրատվամիջոցները, մասնավորապես cadena3 դաշնային ռադիոյի կայքը, խուզարկություններն իրականացվում են դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կարգադրությամբ՝ կոռուպցիոն գործով ընթացող հետաքննության շրջանակներում:

 Հաղորդվում է, որ խուզարկված վայրերում ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կոռուպցիոն գործի համար, որով կասկածյալ է հանդիսանում նաև Էռնեկյանը: Խոսքը Նեստոր և Քրիստինա Կիրշներների նախագահության օրոք տեղի ունեցած կոռուպցիոն գործի մասին է, որի շուրջ բացահայտումներ են իրականացվում:

Ինչպես նշվում է, Corporación América ընկերության սեփականատիրոջ զարմիկ Ուգո Էռնեկյանը, որը պատասխանատու է ընկերության էներգետիկ հարցերով գործարքների համար, օգոստոսին խոստովանել է, որ գումար է վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին տնտեսական արտոնություններ ստանալու համար: