«Եթե նրանք որոշել են դուրս բերել զորքը, դա ճիշտ որոշում է». Պուտինը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման որոշման մասին (ուղիղ, տարբերակ 5)

13:08 • 20.12.18

15:48 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Հայաստանից լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:


ՌԴ առաջնորդը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել, Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում:


«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու բան չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է, և հույս է հայտնել, որ այդպես կլինի նաև հետագայում:


ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

 

 

15:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին որոշմանը, որի մասին հայտնի է դարձել նախօրեին:


«ԱՄՆ զորքը 17 տարի ներկա է Աֆղանստանում, և ամեն տարի նրանք խոսում են այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Բայց նրանք դեռ այնտեղ են»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք դեռ չեն տեսնում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ապացուցող նշաններ, սակայն չեն բացառում նման սցենարը:


Նա նկատել է, որ ամերիկյան զորքի ներկայությունը Սիրիայում օրինական չէ, քանի որ դրա վերաբերյալ չկա ո՛չ ՄԱԿ-ի համապատասխան որոշում, ո՛չ էլ Սիրիայի գործող իշխանությունների հրավերը կամ համաձայնությունը:


«Եթե նրանք որոշել են դուրս բերել զորքը, դա ճիշտ որոշում է», - նշել է Պուտինը:

 

14:09  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Կերչի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպն անվանել է սադրանք, որն ուղղված էր Ուկրաինայի գործող իշխանությունների վարկանիշի բարձրացմանը նախագահական ընտրություններին ընդառաջ:


Պուտինը նկատել է, որ Կերչի միջադեպից հետո Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը բարձրացել է մինչև 12 տոկոս: ՌԴ նախագահը շեշտել է, որ հարևան երկրի իշխանությունները փաստացի հասան դրան սեփական երկրի շահերի ոտնահարման հաշվին:


Ըստ նրա՝ ուկրաինական կողմը Կերչի նեղուցում սադրանք է նախաձեռնել՝ նախապես հաշվարկելով, որ ուկրաինացի ծովայիններից մեկը կմահանա, և այդպիսով՝ նրանք միջազգային մեծ աղմուկ կկարողանան բարձրացնել:


«Նրանք հույս ունեին, որ նրանցից մեկը կմահանա: Փառք Աստծո, դա տեղի չունեցավ: Այժմ քննություն է ընթանում, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ կլինի նրանց հետ», - ասել է ՌԴ նախագահը կալանավորված 24 նավաստիների մասին:

 

13:45  Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: Այդ մասին Մոսկվայում մեկնարկած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:


ՌԴ առաջնորդին ուղղված առաջին հարցերը կապված են եղել հիմնականում Ռուսաստանի ներքին տնտեսական խնդիրներին, Պուտինն իր հերթին մինչ հարցերի պատասխաններին անցնելը նախապատրաստել է սեղմ զեկույց՝ ներկայացնելով անցնող տարում կառավարության կատարած աշխատանքի արդյունքներն ու մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները:


«Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: 2021 թվականից կառավարությունը ծրագրում է ապահովել 3 տոկոսանոց աճ, հնարավոր են որոշակի տատանումներ, սակայն ամենակարևորը՝ մուտք գործել տնտեսությունների այլ հարթակ», - ասել է Պուտինը:


Ըստ նրա՝ երկիրը նոր առաջընթացի կարիք ունի:


«Առանց դրա չկա ապագա: Առանց հստակ նպատակների առաջադրման անհնար է հասնել վերջնական արդյունքի: Դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Կառավարությունն ու աշխատակազմը զբաղվում են դրանց փնտրտուքներով», - նշել է Պուտինը:

 

 

13:08  Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը, որին մասնակցում են բազմաթիվ տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին:

Ի դեպ, առաջին մեծ մամուլի ասուլիսը եղել է նաև ամենակարճն իր տևողությամբ. 1 ժամ 35 րոպե: Այդ համեմատաբար ցածր ցուցանիշն այլևս չի կրկնվել, 2004 թվականից ի վեր նվազագույն ժամանակը, որ ՌԴ ղեկավարը տրամադրում է լրագրողներին ու նրանց հարցերին, երեք ժամ է, դե իսկ առավելագույնը եղել է 2008 թվականին՝ 4 ժամ 40 րոպե:

Այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է, որ անցյալ տարի Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրված է եղել 1640 լրագրող՝ ռուսական և միջազգային տարբեր լրատվամիջոցներից, նվազագույն շեմը, որ երբևէ գրանցվել է ՌԴ առաջնորդի մեծ ասուլիսի ժամանակ, 1250 է եղել:

Օրերս Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է` ինչպես է երկրի ղեկավարը պատրաստվում լրագրողների հետ տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսին:

Պեսկովը նշել է, որ երբեմն նախապատրաստական աշխատանքները ձգվում են մինչև ուշ գիշեր: Պուտինի խոսնակը դա բացատրել է այն հանգամանքով, որ նախագահը ստիպված է զուգահեռ մասնակցել մի շարք միջոցառումների և այլ հարցերի շուրջ խորհրդակցությունների:

«Սակայն ընթացքում և արդեն մինչ խոր գիշեր նախագահն անպայման ծանոթանում է ահռելի քանակությամբ տեղեկատվությանը, որը նրա համար պատրաստում են նախարարներն ու վարչությունների ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի փորձագիտական ենթաբաժինները»,- ասել է Պեսկովը: