Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 114 համարի երթուղայինն ու Opel մակնիշի ավտոմեքենան. կա 3 զոհ (թարմացված, տեսանյութ, լուսանկարներ)
14:55
Առողջապահության նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երրորդ անձը հիվանդանոցում մահացել է:
14:06
Երևան-Աշտարակ ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել է. կա 2 զոհ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Ավտովթարի հետևանքով Opel մակնիշի վարորդն ու երկու ուղևորները ճանապարհով անցնող մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
««Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված Opel մակնիշի մեքենայի վարորդն ընդունարան բաժանմունք է ընդունվել մահացած, ուղևորուհին ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում և չնայած իրականացված անհետաձգելի բժշկական միջամտություններին՝ մահացել է, երկրորդ ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց Ալինա Նիկողոսյանը:
«ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսու մյուս երկու ուղևորները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, նրանք տեղում ստացել են ամբուլատոր օգնություն և հրաժարվել են հոսպիտալացումից:
12:45
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց շտապօգնության բժիշկ Մարինե Մուրադյանը, ով հայտնեց, որ առնվազն 6 վիրավոր կա, որոնք այս պահին հոսպիտալացվում են:
Նրանց վիճակի մասին մանրամասներ դեռևս չեն հայտնվում:
ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:
Հավելենք, որ «Գազել» մակնիշի մեքենան սպասարկում էր 114 համարի երթուղին:













