Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը կայուն ծանր է

14:35 • 04.01.19

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանին երեկ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։ նրա խոսքով` Մնջոյանի վիճակը կտրուկ վատացել է, նրա մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆակտ;

«Մնջոյանը մեզ մոտ է բերվել սրտամկանի կաթվածով, թոքի այտուցով։ Այս պահին հիվանդի վիճակը կայուն ծանր է, հետազոտվել է, այժմ գտնվում է սրտաբանական վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա:

Միքայել Մանուկյանը կարծում է, որ Արմենակ Մնջոյանի վիճակը կարող է կայունանալ, նա ընդամենը մեկ օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժում;

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 103-Ա հրամանագրով` Արմենակ Մնջոյանին շնորհվել է ներում` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: