Թրամփի վարչակազմը հարմար վայր է փնտրում Թրամփ-Կիմ Չեն Ըն սպասվող հանդիպման համար. CNN
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է հարմար վայր փնտրել ԱՄՆ առաջնորդի ու նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպման համար, այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ հարմար վայրի փնտրտուքները սկսել են դեռ մինչև Թրամփի այն հայտարարությունը, որով նա օրեր առաջ տեղեկացրեց Կիմ Չեն Ընի հետ «ոչ այնքան հեռու ապագայում» կրկին հանդիեպելու հավանականության մասին:
Նշվում է, որ Վաշինգտոնն այս առիթով դեռևս չի խորհրդակցել Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ, որոնք ավելի վաղ ակնարկել են, որ հանդիպման համար առավել հարմար են գտնում ասիական որևէ երկրի տարբերակ: Իսկ ահա Հս. Կորեայում նախընտրում են հանդիպումը կազմակերպել հենց իրենց մոտ՝ Փհենյանում:
Հավանական տարբերակների թվում են նաև Վիետնամը, Ինդոնեզիան, Մոնղոլիան, Հավայան կղզիները և Հս. ու Հրվ. Կորեաների միջև ապառազմականացված գոտին:
Հեռուստաալիքը շեշտում է, որ նախապատրաստական աշխատանքները դեռ սկզբանական փուլում են և դա կարող է տևել ամիսներ:










