Պետք է զգուշավորություն դրսևորել․ ինչ-որ էմոցիա ավելացնելուց, եղածը բազմապատկելուց առաջ պետք է մտածել․ Կարեն Բեքարյանը՝ Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
6-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը ցավում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ միջադեպի կապակցությամբ և ցավակցում է զոհի հարազատներին, տուժածներին էլ մաղթում է շուտափույթ ապաքինում:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` հանցագործությունը չունի արդարացում, իսկ հանցագործները պետք է կրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: «Կա հայտարարված հետախուզում: Երկու երկրների իրավապահ մարմիններն ունեն համագործակցության հարթակներ և հնարավորություններ, որպեսզի հանցագործները հայտնաբերվեն և պատժվեն: Կարծում եմ՝ հարկ եղած դեպքում կհամագործակցեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ այս իրավիճակում կարևոր է միջադեպի վերաբերյալ հանրային կարծիքն ու արձագանքը և դրա շահարկումները կանխարգելելը: «Ցանկացած իրավիճակում լինում են մարդիկ, ուժեր, խմբեր, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Դա նորություն չէ, համաշխարհային պատմությունն է դրա վրա հիմնված»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, նաև Ղազախստանի հանրային տրամադրությունն ու դաշտը, այդ երկրի ներքին, բազմաէթնիկ կառուցվածքը՝ պետք է պատկերացնենք, որ կան և կլինեն մարդիկ և ուժեր, որոնք կփորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել և արդյունքում ազգամիջյան բախումների համար ֆոն ստեղծել:
«Ես կասկած չունեմ՝ նման փորձ արվելու է: Հիմա էլ արվում է: Հետևել եմ Ղազախստանում տեղի ունեցողին՝ նաև իմ կապերն օգտագործելով, դիտարկել եմ մամուլը․ եթե համադրության մեջ ղազախական մամուլում իրավիճակը բավականին ադեկվատ է, ապա դրսից այլ փորձեր են արվում,- ասաց նա՝ նշելով, որ փորձերն արվում են այն մարդկանց կողմից, որոնք դրա վրա իրենց «ձեռքերն են տաքացնելու»,- մենք մոռացե՞լ ենք այն մասին, որ գտնվում ենք որոշակի երկրի հետ տեղեկատվական պատերազմում: Մենք նաև շատ լավ պատկերացնում ենք, որ տեղեկատվական ցանկացած առիթ մեր դիմացինն օգտագործելու է դրանից մաքսիմալ շահ հետապնդելու և մեզ վնասելու համար:
Իսկ մեզ մոտ կա՞ այն գիտակցումը, որ ովքեր այդ ջրաղացին ջուր են լցնում, դառնում են մեր թշնամիներին օգնողներ և հայ ու ղազախ ժողովուրդների միջև թշնամանք սերմանողներ: Այստեղ է խնդիրը։ Սրան տուրք տալուց առաջ, ինչ-որ բան տարածելուց առաջ, հանրային դաշտ մտցնելուց առաջ, դրան ինչ-որ էմոցիա ավելացնելուց, եղածը բազմապատկելուց առաջ պետք է մտածել: Այստեղ է, որ ԶԼՄ-ները, սոցիալական կայքերը՝ իրենց անհատ օգտատերերով, հիմա շատ հանգիստ կարող են այս ամենի վրա յուղ լցնողի դեր ունենալ և կարող են ունենալ դեր այս ամենը սթափ դատողի, իրերն իրենց անուններով կոչողի․ հանցագործությունը հանցագործություն է, և տեղի ունեցածն ազգամիջյան խնդիր համարելն առնվազն ապուշություն է, եթե չասեմ՝ վտանգավոր է, սրիկայություն է, հանցագործություն է»,- ասաց նա:
Վերջինս նորից ընդգծեց՝ ղազախական լրատվամիջոցները փորձում են լինել չափազանց զգուշավոր և չափավոր, նրանք չեն փորձում իրավիճակը հրահրել: «Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում միջադեպը տեղավորել միայն ու միայն իրավական դաշտում․ գործը գտնվում է Ղազախստանի գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո, խոստում կա, որ բոլոր հանցագործները կպատժվեն, և գործի քննությունը թափանցիկ կլինի, անընդհատ շեշտադրվում է, որ միջադեպը կրում է կենցաղային բնույթ, պետք չէ այլ դատողություններ անել»,- մատնանշեց նա՝ նկատելով, որ թե հետո ինչ զարգացումներ կհետևեն, դժվար է կանխատեսել, այն մեծապես կախված է լինելու նաև ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերում օգտատերերի արձագանքներից ու պահվածքից:
Ստեղծված իրավիճակից, ըստ Կարեն Բեքարյանի, լավ կլինի, որ դասեր քաղենք: «Ես կարծում եմ, որ մենք պետք է միշտ հիշենք, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև տարբեր երկրներում հայ համայնքների համար հնարավորություններ, այլ ոչ թե մարտահրավերներ ստեղծելուն: Արտաքին քաղաքականության հետևողականությունը, կանխատեսելիությունը, վստահելի գործընկեր լինելն արդյունավետության և վատ անակնկալների բացառման լավագույն հիմքն են: Սա մենք միշտ մեր աչքի առջև պետք է ունենանք ցանկացած իրավիճակում, ցանկացած երկրի հետ կապված»,- ասաց նա:
Այս համատեքստում նա նաև նշեց, որ չունենք իրավունք հետևողականորեն չզբաղվելու Սփյուռքի խնդիրներով՝ համայնք առ համայնք, երկիր առ երկիր: «Այս տեսանկյունից միշտ կարելի է մտածել ավելին անելու, ավելի ակտիվ, արդյունավետ լինելու մասին: Աշխատանքի չափման ինչ-որ միավորներ սահմանենք, թեստավորենք․ միշտ զարգացման տեղ կա: Այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք լավագույն լուծումը Սփյուռքի նախարարությունը փակելն է: Վստահ եմ՝ ո՛չ: Կարելի է բանավիճել ժամերով, ասել, որ Սփյուռքի նախարարությունն իր գոյության տարիների ընթացքում մեր ակնկալիքները ապահովել է կամ չի ապահովել: Վստահ եմ՝ կարծիքները տարբեր են լինելու: Բայց հիմա մեր խնդիրը ո՞րն է․ ժամանակի ընթացքում քարը քարին դնելով ավելի մեծ արդյունքի հասնե՞լը, թե՞ ինչ-որ մի բան ջնջել և նորից սկսել կամ չսկսելը»,- ասաց նա՝ մատնանշելով, որ հիմա էլ մենք գործ ունենք Սփյուռքի մի համայնքի առկա և հնարավոր խնդիրների հետ, որոնցով զբաղվելը միայն մեր արտաքին գերատեսչության հարցը չէ:
Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչին: «Ես 6-րդ գումարման Ազգային ժողովում եղել եմ Հայաստան-Ղազախստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար։ Իմ լիազորությունները դե յուրե պահպանվում են մինչև գործող ամսվա հունվարի 14-ը, բայց դե ֆակտո բոլորի համար պարզ է, որ հիմա մենք լիազորություն չունենք: Այս անցումային շրջանում, երբ խորհրդարանական բաղադրիչը չի կարող լիարժեք գործել, մինչև որ նոր խորհրդարանը չի կայացրել իր ինստիտուտները, վստահ եմ, որ գործադիրից ավելի մեծ ուշադրություն և զգոնություն է պահանջվում»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանի խոսքով՝ մենք պետք է արագ վերականգնենք նաև մշակված քաղաքականության ավանդույթները՝ արտաքին տեղեկատվական հոսքերի կանխատեսումից և կանխարգելումից մինչև արագ արձագանք՝ հաշվի առնելով տեղեկատվական պատերազմում լինելու իրողությունը:
«Մենք այստեղ կա՞նք: Եթե կանք, արդյունավե՞տ ենք: Այս հարցը կարևոր է, որի պատասխանը պետք է գտնենք, և չգտնելու պարագայում մենք շատ մեծ հարվածներ ենք ունենալու,- ասաց նա՝ նկատելով, որ իր նշած ինստիտուտների հետ կապված խնդիրները վերջին շրջանում մեկ-երկու հատ չեն լինում,- եթե որևէ հարցում, նաև այս հարցում կանխարգելման հետ կապված գործիքակազմ չունենաս, հետո քեզ համար դժվար իրավիճակ է ստեղծվելու: Արդյունքում դու ստիպված ես լինելու աշխատել արդեն հետևանքների հետ: Հետևանքների հետ աշխատելիս պետք է հաշվի առնել, որ այսօր վիրտուալի և իրականի սահմանները շատ լղոզված են: Հետո դու արդեն հետևանքների հետ կորուստներով ես աշխատելու և արդյունքի հասնելու համար ծախսելու ես էապես ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ, իսկ արդյունավետությունն էլ բարձր մակարդակի վրա չի լինելու»:
Նրա դիտարկմամբ՝ պետք է մենք ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք Ղազախստանում տեղի ունեցողը՝ իր խնդիրներով, մեզ համար ազդակ չէ նշված հարցերի մասին մտածելու:
Կարեն Բեքարյանը թեմայի հետ կապված արեց մեկ դիտարկում ևս․ կան հարցեր, որոնց մասին խոսելիս պետք է հիշել, որ քաղաքական, անձնական փիարը չի կարող և չպետք է վեր դասվի չվնասելու սկզբունքից․ քաղաքական պատասխանատվության խնդիր կա թե մեդիագործընկերների, թե քաղաքական գործիչների մոտ:
«Ղազախստանում հայ համայնքը շատ զգայուն է, և որևէ սխալ քայլ, գործողություն ներառյալ՝ տեղեկատվական դաշտում, կարող է ունենալ կայծի էֆեկտ, որից կարող են բռնկվել շատ անցանկալի հետևանքներ: Հետևաբար` այս հարցում զգուշավորությունը շատ կարևոր է: Ես նորից եմ կրկնում՝ չպետք է քաղաքական փիարը վեր դասվի չվնասելու սկզբունքից»:










