Մենք ստեղծում ենք իր ոճի մեջ յուրատեսակ ու պրոֆեսիոնալ առումով առանձնահատուկ մի պլատֆորմ. Արամ Անտինյան
«Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի նորանշանակ ղեկավար Արամ Անտինյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Քառյակ մեդիա» ընկերության ստեղծմանը, գործարքի ֆինանսական բնույթի մանրամասներին, մեդիա ռեսուրսի հետագա ծրագրերին: Մասնավորապես, անդրադառնալով գործարքի ֆինանսական մանրամասներին՝ Անտինյանը նշել է, որ վճարումը ունենալու է տարաժամկետ բնույթ` 8 տարվա կտրվածքով, ըստ հաստատված ժամանակացույցի, ինչը նախատեսված է նախապես կազմված բիզնես պլանով:
-Պարո՛ն Անտինյան, օրերս հայտարարություն տարածվեց, որ հիմնադրվել է «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դուք հանդիսանում եք Tert.am-ի ղեկավարը, ում վստահվել է ընկերությունների միասնական գործադիրի ղեկավարումը: Ի՞նչ է ստեղծվում և ի՞նչ ձևաչափով են գործելու այս ԶԼՄ-ները, արդեն հստակեցվե՞լ են գործառույթները:
- Մենք ստեղծում ենք իր ոճի մեջ յուրատեսակ ու պրոֆեսիոնալ առումով առանձնահատուկ մի պլատֆորմ, որի օրակարգը 24 ժամ շարունակ չընդհատվող պարբերականությամբ անաչառ լրատվություն մատուցելն է լինելու: Մենք հավակնում ենք դառնալ նաև կարծիքների բազմազանության հարթակ ու դրա համար օգտագործելու ենք լրատվության երեք միջոց՝ կայք, հեռուստաընկերություն ու ռադիո:
- Իսկ որքա՞ն են վճարել և որտեղի՞ց նախկին պատգամավորներին այդքան գումար երեք լրատվամիջոց ձեռք բերելու համար: Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք թվեր հրապարակել:
- Նախ ոչ թե վճարել, այլ վճարելու` հիմա կբացատրեմ՝ ինչու: Առևտրային գաղտնիք է միայն գործարքի գինը, որը բացահայտել չեմ կարող, հակառակ դեպքում ստիպված եմ լինելու տույժեր վճարել:
Իսկ ոչ թե վճարել, այլ վճարելու, որովհետև վճարումը կունենա տարաժամկետ բնույթ` 8 տարվա կտրվածքով, ըստ հաստատված ժամանակացույցի, ինչը նախատեսված է նաև մեր կողմից կազմված բիզնես պլանով: Մենք պատրաստել ենք ընկերության առողջացման, պարտքերի մարման և զարգացման հստակ ծրագիր և շարժվելու ենք այդ ծրագրով:
Մեծ հաշվով մենք բաց ծով նավարկության ենք դուրս գալիս՝ գլխում շատ անորոշություններ ունենալով: Մենք գիտենք, որ ուժեղ ու որակյալ մեդիախումբ ենք ուզում ստեղծել, գիտենք, որ լավ թիմ ունենք, գիտենք, որ չենք վախենում դժվարություններից, գիտենք, որ ամեն ինչ կախված է մեր աշխատանքից: Լավ կաշխատենք, հաջողության կհասնենք: Իսկ հաջողությունը չափելու ենք առավելագույնս ստուգված լրատվությունից զատ նաև մեր երկրին հուզող խնդիրների վերհանմամբ ու լուծումներին օժանդակելով:
-Արդեն որոշե՞լ եք, թե ինչ փոփոխություններ են լինելու լրատվամիջոցներից յուրաքանչյուրում:
- Թերթ.am-ը դիտարկում ենք որպես այս խմբի առաջատար լրատվամիջոց, որը աշխատանքային օրակարգ է սահմանելու խմբում: Այսինքն՝ որակի նշաձող սահմանողը Թերթ.am-ն է լինելու: Հեռուստատեսությունը և ռադիոն ստանդարտներով հավասարեցվելու են Թերթ.am-ին ու գործելու են այն սկզբունքի մեջ, որով աշխատում է կայքն այսօր՝ այսինքն կենտրոնանալու են բացառապես լուրերի, հարցազրույցների, կարծիքների և ուղիղ միացումների վրա:










