ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտուր է տեղի ունենում․ Ռուբեն Սաֆրաստյան

22:30 • 15.01.19

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցողն առևտուր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ ամերիկյան կողմն է որոշակի պահանջներ ներկայացնում Թուրքիային, իսկ Թուրքիան, որպես պատասխան, իր պահանջներն է ներկայացնում, արդյունքում տեղի է ունենում առևտուր:

«Խոսքը կոնկրետ այն մասին էր, որ Սիրիայում ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո քրդերն այդ տարածքում մնում են անպաշտպան, և Թուրքիան ցանկանում է դրանից օգտվել․ թուրք-սիրիական սահմանին կուտակված են թուրքական զորամիավորումներ, որոնք հրամանի են սպասում, որ մտնեն Սիրիայի հյուսիսային շրջաններ»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց` պարզ է, որ այս իրավիճակում Միացյալ Նահանգները մտավախություններ ունի թուրքական բանակի այդ շրջաններ մտնելու հետ կապված: «Այս շրջանների քրդերին զինել են ամերիկացիները: Բացի այդ՝ խոսքը 22-րդ ռազմաբազայի մասին է, որն ստեղծել են ամերիկացիները: Թուրքերը պահանջում են, որ ամերիկացիները այդ ռազմաբազան քրդերին չհանձնեն, և առևտուր է սկսել, հակառակ դեպքում Թուրքիան սպառնացել է, որ կմտնի այդ տարածքներ»,- ասաց նա:

 Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփն սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում: Նշենք նաև, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թրամփի սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Իսկ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ի պատասխան Թրամփի սպառնալիքների, հայտարարել էր, որ Թուրքիան չի վախենում դրանցից: Այնուհետ, Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ կա:

Ռուբեն Սաֆրաստյանի վերը նշած «առևտրում» ոչ միայն սիրիական հիմնախնդիրն է, այլ նաև՝ ռուսական S-400-ի վաճառքի, F-35-ի, Գյուլենի արտահանձման խնդիրներն են։ «Խնդիրների մի շրջանակ կա, որի շուրջ էլ առևտրի մեջ մտնելով ԱՄՆ-ի հետ՝ Թուրքիան փորձում է պահանջներ ներկայացնելով, հետո դրանցից մի մասից հրաժարվելով՝ ստանալ ամերիկացիներից այն, ինչ ցանկանում է»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը չհամաձայնեց տեսակետի հետ, որ «առևտրում» շահում է թուրքական կողմը: «Հիշենք, որ Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, ի վերջո, Թուրքիան հանձնեց ԱՄՆ-ին, չնայած հայտարարել էր, որ չի անի նման բան:  Ինչու՞: Որովհետև չդիմացավ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին»,- ասաց նա՝ նկատելով,  որ Թուրքիան իրապես չի կարող դիմագրավել այդ պատժամիջոցներին: Ռուբեն Սարֆրաստյանը նաև մատնանշեց՝ Մերձավոր Արևելքում Թուրքիայի աշխարհաքաղաքական դերակատարությունը ԱՄՆ-ը չի կարող անտեսել, և այդ հանգամանքը  Թուրքիան միշտ դնում է «կշեռքին»:

Ւ՞նչն է պահում ամերիկյան կողմին, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չկիրառի: «Ինչու՞ պետք է ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ կիրառի տնտեսական ծանր, լուրջ պատժամիջոցներ, ինչպես կիրառում է Ռուսաստանի նկատմամբ: Ի վերջո, Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ է: Ստրատեգիական առումով Թուրքիան ոչ մի գործողություն, ոչ մի քայլ չի անում, որ կհակասի ԱՄՆ-ի կամ Արևմուտքի շահերին: Շատ բան արվում է միայն հռետորաբանության մակարդակում»,- ասաց նա:

Վերադառնալով նորից ամերիկյան զորքերի Սիրիայից դուրս բերելու թեմային՝ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց նաև Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները: Նրա հիշատակմամբ, երբ ամերիկացիները որոշեցին զորքերը հանել, քրդերը փորձեցին ապահովագրել իրենց․ դիմեցին սիրիական իշխանություններին և սիրիական դրոշը բարձրացրեցին Մանբիջի վրա:

«Բացի դրանից՝ հնարավորություն ստեղծվեց  ռուսական շրջիկ ռազմական ոստիկանության ջոկատների համար, որ պարբերաբար հայտնվեն և անցնել թուրք-սիրիական սահմանի այն հատվածներով, որոնք գտնվում են թուրքական հարձակման վտանգի ներքո:

«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում ռազմավարական տեսանկյունից, փաստ է ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: Թրամփն ընդհարապես փորձում է փոփոխություններ մտցնել իր ռազմավարական նշանակության քայլերում: Նրանք փորձում են քայլերի պատասխանատվությունը թողնել իրենց դաշնակիցների վրա, իսկ Ամերիկան միայն ամերիկացիների համար պետք է լինի»,- ասաց նա:

Թուրքիայի դերը, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, սիրիական հակամարտությունում հիմա մեծ է, սակայն եթե ամերիկյան զերքերը դուրս գան այնտեղից, նա միայնակ կմնա Իրանի և Ռուսաստանի հետ:

«Սա, իհարկե, շատ բարդ հաշվարկների թեմա է, բայց  կարծում եմ՝ դա կբերի Թուրքիայի դերի թուլացմանը: Մի կողմից կլինեն Ռուսաստանը, Իրանը, Սիրիայի իշխանությունները, մյուս կողմում քրդերը, իսկ Արևմուտքը ընդհանրապես հեռանում է Սիրիայից, այդպիսով Թուրքիայի դերը ռազմավարական առումով կթուլանա»,- ասաց նա:

Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին՝ Հայաստանի այլ մասնակցությունը, նախատեսվող Հայաստանի հումանիտար առաքելությունից զատ, ավելորդ կլինի:

«Հումանիտար նախաձեռնությունը ընդունելի, ընկալելի և ողջունելի է հակամարտությունում ներգրավված երկրների համար: Այն, ինչ մենք հիմա ցանկանում ենք անել, մեր հեղինակության խնդիրն է, և մյուս կողմից, տեսնում ենք, որ սիրիական իշխանությունը քայլեր է ձեռնարկում և խրախուսում հայերի վերադարձը Սիրիա: Կարծում եմ, որ կամաց-կամաց 100 տոկոսով կվերականգվի սիրիահայ համայնքի հզորությունը, որը կար մինչև պատերազմը: Սիրիայի վերականգնման գործընթացը մեծ ներդրումներ է պահանջում, և շատ ոգևորիչ  է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է 100 միլիոն դոլար տրամադրել գործընթացին: Եթե դա լինի, այլ երկրներ էլ կհետևեն նրա օրինակին»,- ասաց նա: