«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

20:10 • 15.01.19

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունից:

Մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել պատգամավոր և նրան հաջորդում է Վարդան Աթաբեկյանը:

Վահագն Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 97-րդ համարն էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

Դաշինքն այս ընտրատարածքում առաջադրել է 11 թեկնածուի, առաջատարն Ալեն Սիմոնյանն է, ով հավաքել է 21.812 ձայն։ Նրան հաջորդում են Դավիթ Սանասարյանը՝ 14316 ձայն, Էդուարդ Աղաջանյանը՝ 5597 ձայն, Արսեն Թորոսյանը՝ 3761 ձայն, որոնք հրաժարվել են պատգամավորական մանդատից և գործուղվել են գործադիր:

Ձայների քանակով 5-րդն այս ընտրատարածքում այսօր մանդատից հրաժարված Վահագն Գրիգորյանն է՝ 3576 ձայնով: Նրան հաջորդում է Հակոբ Սիմիդյանը, ով արդեն ԱԺ պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար: Եվ 7-րդը 2701 ձայնով Վարդան Աթաբեկյանն է, որն էլ հաջորդականության սկզբունքով կվերցնի պատգամավորի մանդատը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ, ապա կազմվում է նրա գործունեության դադարեցման մասին արձանագրություն: