Երկրի՝ տափակ լինելու տեսության կողմնակիցները նավարկության կմեկնեն դեպի «աշխարհի ծայրը»` ապացուցելու, որ այն իրականում տափակ է

16:38 • 15.01.19

Երկրի՝ տափակ լինելու տեսության կողմնակիցները հայտարարել են, որ 2020թ.-ին իրենց տեսությունն ապացուցելու նպատակով ծովային մեծ ճամփորդության կմեկնեն, գրում է The Guardian-ը:

Ճամփորդությունը կազմակերպվել է Երկրի՝ տափակ լինելու տեսության կողմնակիցների միջազգային համաժողովում (Flat Earth International Conference): Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նախաձեռնության մասնակիցները կօգտվեն ժամանակակից արբանյակներից ու նավարկման համակարգերից, որոնք հիմնված են Երկրի՝ գնդաձև լինելու գաղափարի վրա: Աշխարհի բոլոր նավերը նավարկում են՝ հիմնվելով GPS համակարգի և էլեկտրոնային նավարկության գործիքների վրա, որոնք երաշխավորում են դրանց ապահով նավարկությունը:

Ինչպես բացատրում է Flat Earth Wiki կայքը, ոչ ոք չպետք է վախենա «աշխարհի ծայրից» ընկնելուց, քանի որ այն շրջապատված է Անտարկտիկայի պատնեշով: «Երկրագունդը սկավառակի տեսք ունի, կենտրոնում Հյուսիսային բևեռն է, իսկ Անտարկտիկան սկավառակը շրջապատող սառցե պատ է»,- ասված է տեսության կողմնակիցների կայքում:

«Ես երկու միլիոն մղոն եմ նավարկել և երբեք չեմ հանդիպել մի նավապետի, որը հավատա, որ երկրագունդը գնդաձև է»,- ասել է նախկին նավապետ Հենկ Քեյջերը, որը 23 տարվա իր կարիերայի ընթացքում նավարկել է երկրագնդով մեկ:

Նավարկության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: