«Թուրքիայի գլխացավանքի՝ Սիրիայում գտնվող խորհրդանիշը». թուրքերին անհանգստացրել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին վերակառուցելու Ասադի խոստումը

15:27 • 15.01.19

Թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խոստմանը՝ կապված Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին վերակառուցելու նախագծի հետ:

«Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում թուրք հեղինակը Սրբոց Նահատակացն անվանել է «Թուրքիայի գլխացավանքը հանդիսացող 1915-ի դեպքերի՝ Սիրիայում գտնվող խորհրդանիշ» և ընդգծել, որ դրա վերականգնումն Ասադի ռեժիմի համար առաջնահերթություն է:

Գյուրջանլըն քննադատել է սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ու արձանագրել, որ 7-ամյա պատերազմը փաստացի հաղթել է Ասադը, մինչդեռ թուրքական վերնախավը երազում էր նրան տապալելու և «Դամասկոսում նամազ կատարելու» մասին:

Սյունակագիրը նաև զգուշացել է, որ Ասադի ռեժիմը կարող է համագործակցության եզրեր գտնել նաև Սիրիայի քրդերի հետ՝ հիշեցնելով, որ քուրդ զինյալների ենթակայության տակ գտնվող Մանբիջում հայտնվել էին Ասադի դաշնակից Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ Թուրքիայի մուտքն այդ տարածք արգելափակելու համար:

Գյուրջանլըն անհաջող է որակել նաև Իդլիբի շուրջ վարվող քաղաքականությունը՝ նշելով, որ «այնտեղ էլ գործերը խառնվեցին»:

Այս ամենի ելքը թուրք սյունակագիրը տեսնում է միմիայն դիվանագիտության մեջ:

«Չկան հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր: Անգամ թշնամու հետ նստում, խոսում ու համաձայնության են գալիս: Թուրքիայի համար եկել է դա անելու ժամանակը, ոչ միայն եկել է, այլև արդեն անցնում է», - եզրափակել է Գյուրջանլըն: