ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը», 2-ը՝ ԲՀԿ-ն, 1-ը` ԼՀԿ-ն. առաջադրվեցին հանձնաժողովների նախագահները (տեսանյութ)
ԱԺ-ն քննարկման ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովները խմբակցությունների միջև բաշխվելու են Դոնթի բանաձևով՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի մանդատների թիվը: Դոնթի բանաձևի համաձայն՝ Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
ԱԺ նախագահը նշեց, որ եկել են քաղաքական համաձայնության, թե հատկապես որ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը որ խմբակցությանն է պատկանում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց, թե որ հանձնաժողովի համար ում թեկնածությունն են առաջարկում: Ըստ նրա` Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջարկում են Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար առաջադրում են Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի համար առաջարկում են Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար Արման Եղոյանի թեկնածությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի համար՝ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության, ներքին գործերի և ԱԱ հանձնաժողովի համար՝ Անդրանիկ Քոչարյանի, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի համար՝ Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի համար՝ Բաբկեն Թունյանի թեկնածությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշատական հանձնաժողովի համար ԲՀԿ խմբակցություն առաջադրեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, իսկ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի համար Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ն առաջադրեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Այնուհետև հերթականությամբ ներկայացվեցին թեկնածուներին, նրանց անցած ճանապարհն ու կենսագրությունները:










