ՌԴ ԱԳՆ-ն երկտող է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն ՌԴ քաղաքացիների հանդեպ դրսևորվող խտրականության մասին

20:16 • 15.01.19

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հուշագիր է ուղարկել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը:

«Ադրբեջանի դեսպանությունը Մոսկվայում երկտող է ստացել ՌԴ ԱԳՆ-ից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելիության պատճառով ռուս քաղաքացիների հանդեպ ցուցաբերվող խտրականության հետ: Ադրբեջանական կողմը ռուս գործընկերներին հերթական անգամ վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն խնդիրը կարգավորելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ հայտարարել էր, որ Բաքուն էթնիկ պատկանելիության հիմքով չպետք է խոչընդոտի ՌԴ քաղաքացիների, մասնավորապես՝ հայերի մուտքը երկիր: