Իսպանիայում 2 տարեկան երեխան ընկել է 110 մետր խորությամբ փոսը, փրկարարական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել
Հունվարի 13-ին Իսպանիայի Մալագա քաղաքից ոչ հեռու Յուլեն անունով 2-ամյա երեխան ընտանիքի անդամներից մեկի այգում խաղալիս ընկել է 110 մետր խորությամբ և 25 սանտիմետր լայնությամբ փոսի մեջ, գրում է Corriere օրաթերթը:
Փրկարարները 2 օր է՝ աշխատում են դեպքի վայրում, սակայն նրանց դեռևս չի հաջողվել երեխային փրկել: Երեխայի վիճակը պարզ չէ: Որոշ ականատեսներ հայտնել են, որ փոսից երեխայի լացի ձայն են լսել, որը հետո դադարել է:
Աշխատանքներին մասնակցում են նաև երեխայի ծնողները, որոնք 2017թ.-ին իրենց 3-ամյա երեխային են կորցրել: Փոքրիկ Յուլենի հուսահատ հայրը հայտարարել է, որ ոչինչ չի արվում երեխային փրկելու համար:
Փոս իջեցված տեսախցիկը 73 մետր խորության վրա, խոչընդոտի հանդիպելով, կանգ է առել: Այժմ փրկարարները զուգահեռաբար թունել են փորում, որը կտանի այնտեղ, որտեղ, հավանաբար, ընկել է երեխան:










