2018-ին ՀՀ է ներմուծվել 67,255 մեքենա, ինչը մոտ 28 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից. Դավիթ Անանյան
2018 թ․-ին արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 67,255 մեքենա 2017 թ․-ի 39,282 հատի և 2016 թ․-ի 16,887 հատի համեմատ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
2018 թ․-ին 2017 թ․-ի համեմատ մեքենաների ներկրման աճը կազմել է 71․2 % կամ 27,973-ով ավելի, իսկ 2016 թ․-ի համեմատ՝ 298 % կամ 50,368-ով ավելի։ 2016 թ․-ի համեմատ 2018 թ․-ին ավտոմեքենաների ներմուծման քանակն աճել է գրեթե 4 անգամ։
Մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2018 թ․-ի ընթացքում կազմել է 581․9 հազար դրամ 2017 թ․-ի ընթացքում գանձված 681․4 հազար դրամի փոխարեն։
Հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։ «Հունվարի 1-ից մենք տարբեր երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպման համար այլևս չենք կիրառելու ինվոյսային արժեքի գաղափարը։ Սա տարընթերցման տեղ է թողել, մենք ուղղակի ներմուծել են մի գործիք։ Անձինք, ովքեր մեքենա են ձեռք բերել արտերկրում և ունեն արժանահավատ ինվոյս, որևէ խնդիր չունեն, այդ ինվոյսի հիման վրա կատարվում է մաքսային ձևակերպում։
Մեր քաղաքացիները, որպեսզի ունենան ավելի «բարենպաստ» արժեք մաքսային ձևակերպման համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել ոչ արժանահավատ ինվոյսներ։ Հիմա մեր կայքում կա հաշվիչ, և համեմատելու դեպքում, եթե ինվոյսը համապատասխանում է մեքենայի իրական շուկայական գնին, մաքսազերզումը կատարվում է այդ ինվոյսով։ Եթե ոչ, մեր մասնագետները հաշվարկում են և ներկայացնում են իրական մաքսազերծման գինը»,- նշեց նա։
Դավիթ Անանյանի խոսքով՝ այս փոփոխության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ 2018 թ․-ին անհամեմատ աճել է մեքենաների ներկրման քանակը, բայց մեկ մեքենայի միջին գանձման հաշվարկով 2018 թ․-ին ավելի ցածր են գումարները, քան 2017 և 2016 թթ․-ին։
Ինչ վերաբերում է ավտոներկրողների դժգոհությանը, որ երկու և ավելի մեքենաների վաճառքի դեպքում հարկային դրույքաչափերը շատ բարձր են, Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ այս մասով երկու նախագիծ է մշակվել և ներկայացվել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և մոտ ժամանակներս կհրապարակվեն։










