Մենք այստեղ չենք եկել անձնական պատերազմներ մղելու համար. Է. Մարուքյանը հորդորեց բացառել տեղից գոռալու, ճվալու նախկին պրակտիկան
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը ԼՀԿ-ԲՀԿ խմբակցության պատգամավորների վիճաբանությունից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ երբ գրանցվեց ելույթի համար, չգիտեր Արման Բաբաջանյանի ելույթի բովանդակությունը, նաև չէր կանխատեսում, թե հետագայում ինչ կլինի:
Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի ելույթն այն մասին, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք, և ուղղակի մեղադրանքը Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին վրդովեցրեց:
«Կարծում եմ՝ դեռ հունի մեջ չենք ընկել, պետք է հունի մեջ ընկնենք և պետք է կարողանանք այս ամբիոնից քաղաքական ելույթներ լսել, ելույթն ամբողջապես քաղաքական էր, և Բաբաջանյանը խոսում էր, թե նախորդ իշխանություններն ինչպես են վարել արտաքին քաղաքականություն և ինչպիսի նշանակումներ են ունեցել, և խոսքը գնում էր ոչ պրոֆեսիոնալ նշանակումների մասին, որոնք եղել են ոչ թե դիվանագիտական կորպուսից, այլ քաղաքական նշանակումներ են եղել»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց, թե ինչ Արման Բաբաջանյանն այստեղ խոսել է, դրա մասին հրապարակումներ եղել են: «Հիմա, որ մյուս դեսպանների հարազատները, օգնականերն այստեղ չեն ու չեն պատասխանում, ի՞նչ, կարծում եմ՝ դա պետք չի ընդհանրապես ընդունել որպես անձնական հարց, քանի որ խոսքը նախորդ իշխանությունների վարած քաղաքականության մասին է»,-ասաց նա:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, թե ինչու կարող են խոսել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ կարևոր երկրներում նշանակումների մասին, իսկ Ուկրաինայի մասին չխոսել: Նա նկատեց, թե երբ մամուլում հրապարակումներ են եղել, այն ժամանակ կարող էին հերքել:
«Մենք այստեղ չենք եկել՝ անձնական պատերազմներ մղելու, և ելույթը ամբողջական քաղաքական ելույթ էր, պետք է սովորենք մեկս մյուսի քաղաքական ելույթները լսել: Հին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած բաները բացառենք այս խորհրդարանում`տեղից գոռալ, ճվալ, հասկանում եմ՝ էմիոցիաներ են, բայց կարող ենք չէ՞ գրանցվել, ու ինչ ասելիք ունեք, ասեք: Այդ կարգը խնդրում եմ իմ գործընկերներին պահել, ես էլ եմ ինձ զսպելու, նախկինում գուցե արել եմ, հիմա էլ փորձելու եմ չանել: Այս խորհրդարանն անձնական հարցեր լուծելու տեղ չի»,-ասաց նա:
Մարուքյանը նաև հորդորեց գործընկերներին «ադրբեջանական թեզեր առաջ տանելու, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու» դաշտ չմտնել, իսկ եթե գտնում են, որ զրպարտել են, ապա կարող են դատի տալ:










