Արցախում ևս սև ու սպիտակի բաժանում են ուզում մտցնել, ոչ մեկը դրա իրավունքը չունի. Հրանտ Մարգարյան
Մեզ հրամցվում են օտարածին ինչ-ինչ արհեստական օրակարգեր: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ըստ նրա՝ կոտրվում է ժողովրդի միասնության, պայքարի ոգին: «Մեծ շփոթ կա, հնարավոր է նաև գիտակցաբար ստեղծվող շփոթ, որպեսզի ընդունելի դառնա անընդունելին: Ասածս վերաբերում է Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մեր դիրքորոշումներին:
Շրջանառության մեջ են դրվել տարածքներ խաղաղության դիմաց, տարածքներ անվտանգության դիմաց բանաձևեր: Եթե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է, որ Արցախում պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, որի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երևանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք է լինի, քննելի»,- մանրամասնեց Հրանտ Մարգարյանը:
Նա շեշտեց, որ ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է: Հրանտ Մարգարյանը նկատեց, որ ճիգ կա ապակայունացնելու Արցախի ներքաղաքական կյանքը: «Արցախում ևս սև ու սպիտակի բաժանում են ուզում մտցնել: Արցախը պետք է մնա միասնական: Ոչ մեկն իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկել, Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:










