Սա լավագույն գործարքն է. Ժան-Կլոդ Յունկերը` Brexit-ի հարցով համաձայնագրի չընդունման մասին

03:41 • 16.01.19

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ափսոսանք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Լոնդոնի և Բրյուսելի կողմից երկար բանակցված Brexit-ի համաձայնագիրը:

«Ես ցավով եմ ընդունում Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,- հայտարարել է Յունկերը:

Բրիտանացի պատգամավորների կողմից մերժված համաձայնագրի նախագիծը Եվրահանձնաժողովի նախագահն անվանել է «ազնիվ փոխզիջում և լավագույն գործարքը` հնարավոր բոլոր գործարքներից»:

Յունկերը նշել է, որ Եվրահանձնաժողովը կշարունակի Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու գործընթացի նախապատրաստությունը` անգամ առանց այդ երկրի խորհրդարանի համաձայնության: