Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին. Ս. Դանիելյան

09:41 • 16.01.19

Եթե պարզվի, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը քննարկում են Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:

Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:

Եթե գործող իշխանությունն Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեյով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարցը չի:

Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:

Հ.Գ. 1. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:

Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի:

Հ.Գ. Իմիջիայլոց սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն՝ չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն՝ արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը»:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլդար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է այսօր: