Թրամփի վարչակազմը ետ է կանչել հարկադիր արձակուրդ ուղարկված շուրջ 46 հազար դաշնային ծառայողի

12:08 • 16.01.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատանքի է կանչել շուրջ 46 հազար քաղծառայողի, որոնք երկրի պետական կառույցների աշխատանքի մասնակի դադարեցման՝ «շաթդաունի» պատճառով հարկադիր չվճարվող արձակուրդ էին ուղարկվել, գրում է Washington Post-ը:

Ակնկալվում է, որ աշխատանքի կվերադառնան այն քաղծառայողները, որոնք պատասխանատու են հարկերի վճարման, թռիչքների անվտանգության ապահովման և մթերքների ու դեղամիջոցների ստուգում իրականացնելու համար: Ինչպես նշում է թերթը՝ նրանք ստիպված կլինեն աշխատել առանց վճարի:

Երեկ՝ հունվարի 15-ին, ԱՄՆ դատարանը մերժել էր քաղծառայողների իրավունքները ներկայացնող արհմիությունների պահանջն առ այն, որ պետությունը պարտավոր է վճարել «շաթդաունի» ժամանակ հարկադիր աշխատող դաշնային ծառայողներին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջում Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են:

Թրամփը կառավարության՝ երեք շաբաթ շարունակվող «շաթդաունի» ֆոնին հանդես է եկել համազգային ուղերձով՝ հայտարարելով, որ երկրի հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Նախագահը ևս մեկ անգամ դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը: