«Ժամանակ». Եվրասիական բարձեր Փաշինյանի համար
«Ի տարբերություն խորհրդարանի ընտրության՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արժանացավ Եվրասիական առաջնորդների շնորհավորանքին: Ոչ միայն անմիջապես շնորհավորեց Պուտինը, այլ նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը: Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե՝ ոչ:
Պարզապես այս դեպքում շնորհավորանքի բացակայությունն արդեն կխոսեր կոնֆլիկտային իրավիճակի մասին, որի պատասխանատվությունը կմնար հենց ԵՏՄ երկրների վրա: Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներով ԵՏՄ այդ ղեկավարները անկասկած փորձում են իրենց համար ստեղծել պատասխանատվության «լյուֆտ» եվրասիական, ՀԱՊԿ միջավայրերում այն բարդ քննարկումների համար, որոնք առջևում են:
Ի վերջո, պետք է հիշել, որ հանգուցալուծված չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, և այն դեռ լինելու է քննարկումների առարկա: Այդպիսով, շնորհավորանքները ավելի շուտ արտացոլում են առկա խնդիրները, քան դրանց չեղարկումը: Եվ Երևանը, իհարկե, պետք է ավելի շատ պատրաստ լինի հենց բարդ քննարկումներին, քան ԵՏՄ բարյացակամ վերաբերմունքին:
Այդ առումով, կարծում եմ, դժվար է պատկերացնել, որ շնորհավորանքների միջոցով կհաջողվի, այսպես ասած, փափուկ բարձ դնել Նիկոլ Փաշինյանի գլխի տակ: Մյուս կողմից, իհարկե, այստեղ մեզ, որպես պետություն, հանրություն, արժե թերևս անել ավելի պարզ եզրակացություններ: Խոսքն այն մասին է, որ միջպետական խնդիրների քննարկումներն ամենևին պետք չէ դիտարկել թշնամական գործընթացների համատեքստում: Մենք տեսնում ենք և տեսել ենք, որ շատ ավելի սուր և հակադիր բառամթերքով են իրար հետ մոտ և հեռու հարաբերվում թե´ Լուկաշենկոն ու Պուտինը, թե´ Նազարբաևն ու Պուտինն են այդպես հարաբերվել, և դա ամենևին նրանց թիկունքում հասարակությունների մակարդակով չի ընկալվում իբրև թշնամանք:
Եվ բանն այն չէ, որ նրանց հասարակություններն են միամիտ և չեն պատկերացնում իրավիճակը: Պարզապես այդ երկրներում պետական քաղաքականության ավանդույթները թերևս ավելի ձևավորված են առնվազն այն իմաստով, որ պետական աշխատանքի էֆեկտիվությունը համընդհանուր լռության և իդիլիայի մեջ չէ, և գնահատելի է ոչ այն պետությունը, որը խնդիրներ չունի, այլ այն, որն ունի խնդիրների քննարկման և սպասարկման կամք ու կարողություններ:
Ընդ որում, նույն կերպ էլ ընկալվում է այդ պետությունը խնդրահարույց հարցերի հակառակ սուբյեկտի կամ սուբյեկտների մոտ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:










