Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

14:51 • 20.01.19

«Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Վահագն Հովակիմյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առավել քան ազնիվ է համարում ընտրություններից հետո իշխանության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին» նախագիծը, որի հետևանքով պետական համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցներ կմնան գործազուրկ:

«Առավել քան ազնիվ ենք եղել, որովհետև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նման դրույթ եղել է, որ պետական կառավարման համակարգը մենք պատրաստվում ենք օպտիմալացնել, այսինքն՝ դարձնել ավելի արդյունավետ, հնարավորինս ավելի քիչ ծախսել պետբյուջեից գումարներ պետական աշխատողների վրա, և ընտրողն ասել է «այո», մեր պետական համակարգը բավակա՛ն է ուռճացված լինի»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ նախագծի նախնական տարբերակի՝ 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն, կվերանա առաջին փոխվարչապետի պաշտոնը:  Փոփոխությունների արդյունքում՝ գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, որպես առանձին կառույց չի լինի նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, այն կգործի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում, այս նախարարությունը նաև կհամակարգի տրանսպորտի ոլորտը: Նոր կառավարության կազմում տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն առանձին կգործեն, այն կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն: Մշակույթի և սպորտի նախարարությունները կգործեն կրթության և գիտության նախարարության կազմում: Սփյուռքի նախարարությունը կդադարի գործել որպես առանձին կառույց, այն կգործի ԱԳՆ կազմում:

Նշենք նաև, որ ՊԵԿ-ի 130 աշխատակից արդեն ազատվել է աշխատանքից, ինչը մեկնաբանվել է որպես կառուցվածքային փոփոխությունների արդյունք: Օպտիմալացման մասին է հայտարարել նաև Երևանի քաղաքապետարանը:

Հարցին, թե փոխարենն ինչ են առաջարկելու գործազուրկներին, պատգամավորը պատասխանեց. «Օպտիմալացումը ենթադրում է, որ լավ մասնագետները մնալու են իրենց տեղերում, այսինքն՝ մասնագետը մնալու է տեղում, իսկ այն անձը, որ ժամանակին ընդունվել է ինչ-որ մեկի ծանոթ բարեկամ լինելով ու իր մասնագիտացումն ընդամենը սուրճ խմելն է աշխատանքի վայրում, այդ մարդուն ասելու ենք՝ գնացե՛ք տուն»:

Ըստ Հովակիմյանի՝ այդ բոլոր հարցերի պատասխանն արդեն կտրվի Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Միաժամանակ, ըստ Հովակիմյանի՝ կրճատումները չեն լինի այն մասշտաբի,  ինչքան խոսում են. «Համոզված եմ, որ կլինի տեսանելի քիչ, նկատի ունեմ, որ մասնագետներն իրենց իրացվելու տեղը կգտնեն, իսկ դրսում կմնան անձինք, որոնք ըստ էության չէին աշխատում»:

Դիտարկմանը, թե զուգահեռ ԱԺ-ի ծախսերն են բավականին ավելացել՝ նկատի ունենալով պատգամավորների թվի ավելացումը, նաև երկու հանձնաժողովների թվի ավելացումը, Հովակիմյանը նշեց, թե նախորդ իշխանությունների կողմից հաստատված օրենքի արդյունքում էր, որ պատգամավորների թիվն ավելացավ: «Այսինքն՝ նախորդ իշխանություններն իրենք էին այդ օրենսդրությունը մշակել և ժառանգել մեզ, մենք ընդամենն առաջնորդվել ենք օրենքով. եթե չառաջնորդվեինք, ավելի վատ կլիներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանձնաժողովների թվին, որն իրենց որոշմամբ էր ավելացվել, ասաց, որ այդտեղ մեծ ծախսեր չեն պահանջվի: «Կարծում եմ՝ առաջիկայում, երբ ԱԺ-ի աշխատակազմի հետ կապված վերջնական հստակեցումներ լինեն, այդ ժամանակ արդեն կասենք՝ ծախսերը ավելացան, թե ոչ»,- ասաց նա:

Իսկ թե ինչպես են հանձնաժողովների աշխատանքներն առանց ծախսեր ավելացնելու իրականացնելու, պատգամավորը նշեց, որ ամբողջ  ՀՀ տարածում է տեղի ունենում պետական կառավարման համակարգի օպտիմալացում. «Առաջիկայում պետական կառավարման համակարգի ծախսերը  հնարավորինս կրճատվելու են, արդյունավետությունը հնարավորինս բարձրացվելու է»:  

Դիտարկմանը, որ երբ ընդդիմություն էին, անընդհատ խոսում էին ծառայողական մեքենաների ուռճացված թվից, բայց ըստ էության հիմա հրաժարվել չեն ուզում, պատգամավորը նշեց. «Մենք հենց դա էլ ասում ենք, որ այն ինչ ժամանակ ինչի մասին որ խոսել ենք որպես ընդդիմություն, այսօր որպես իշխանություն կյանքի ենք կոչելու»:

Ճշգրտող հարցին, թե այսինքն՝ սպասենք պետական ծառայողական մեքենաների թվի կտրուկ կրճատում ևս, Հովակիմյանը պատասխանեց՝ այո. «Սպասենք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ աշխատանք»: