ԱՄՆ-ն լրտեսական արբանյակ է արձակել

14:21 • 20.01.19

Ամերիկյան Delta IV Heavy ծանր հրթիռը, որն աշխարհում ամենահզոր հրթիռակիրներից է համարվում, տիեզերք է արձակել ԱՄՆ կառավարության շահերին ծառայող հետախուզական արբանյակ:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, արձակումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի «Վանդենբեր» կայանից:

Հայտնի է, որ արձակումը եղանակային անբարենպաստ պայմանների ու  տեխնիկական խնդիրների հետևանքով հետաձգվել էր ավելի քան մեկ ամսով:

Արբանյակի առաջին արձակումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 7-ին, սակայն առաջացել էր տեխնիկական խոտան: Հաջորդ օրվա արձակումը ևս հետաձգվել էր մեկ այլ տեխնիկական խնդրի պատճառով:

Երրորդ փորձը նշանակված էր դեկտեմբերի 18-ին, սակայն այդ օրն էլ խանգարել է ուժեղ քամին: Մինչդեռ չորրորդ փորձը ձախողվել էր հրթիռի առաջին աստիճանի վառելիքային համակարգում ջրածնի չափից ավելի շատ խտացման հետևանքով:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արբանյակի արձակումը բարեհաջող է անցել: