Սիրիան հետ է մղել իսրայելական ավիահարվածը

20:19 • 20.01.19

Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական ավիահարվածը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «ՍԱՆԱ» սիրիական պետական գործակալությունը:

Ինչպես հայտնել է ռազմական աղբյուրը, ՀՕՊ համակարգերն արդյունավետորեն արձագանքել են հրեական պետության արձակած ավիահարվածին: Աղբյուրի խոսքով՝ ոչ մի թիրախ չի խոցվել: Նշվում է, որ ավիահարվածն ուղղված է եղել երկրի հարավային հատվածի կառույցներին: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ իսրայելական բանակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել կատարվածը, սակայն տեղեկացրել են, որ «Երկաթյա գմբեթ» համակարգը հրթիռ է խոցել, որն արձակվել էր Սիրիայի հետ սահմանային Գոլանի բարձունքի իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի ուղղությամբ: Այս լուրը տարածվել է սիրիական կողմի՝ իսրայելական ավիահարվածը հետ մղելու մասին հայտարարության ֆոնին:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Իսրայելի վարչապետ բենյամին Նեթանյահուն խոստովանել էր, որ երկրի ռազմաօդային ուժերը հարձակում են իրականացրել Սիրիայում մի շարք իրանական կառույցների և դիրքերի ուղղությամբ: