Չեմ կարողանում ինձ համար կին գտնել. Պակիստանի ամենաբարձրահասակ մարդը պատմել է իր խնդիրներից (լուսանկարներ)
Պակիստանի ամենաբարձրահասակ մարդը՝ 23-ամյա Զիա Ռաշիդը, որի հասակը 2,5 մ է, խոստովանել է, որ արտաքին յուրահատկության պատճառով չի կարողանում անձնական կյանքը դասավորել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Փանջաբ նահանգի բնակչի խոսքով՝ իրեն չի հաջողվում բավականաչափ բարձրահասակ աղջիկ գտնել:
«Առայժմ չեմ կարողանում կյանքի ընկեր գտնել: Չեմ հանդիպել մեկին, որը բավականաչափ բարձրահասակ է ինձ համար: Դա ուղղակի անհնար է: Ընտանիքս էլ է փորձում ինձ համար հարսնացու գտնել: Նրանք համապատասխան առաջարկներով մի քանի ընտանիքի են դիմել, սակայն ոչ ոք ինձ չի հավանել»,- ասել է Ռաշիդը:
Երիտասարդը հավելել է, որ արդեն սկսել է մտքից հանել երբևէ ամուսնանալու գաղափարը:
Կյանքի սեր չգտնելուց բացի պակիստանցին նաև խնդիրներ է ունենում հագուստի ու կոշիկի ընտրության, տրանսպորտով տեղաշարժվելու, աշխատանք գտնելու հարցերում:
«Շուկայում իմ չափսի հագուստ կամ կոշիկ չկա, ստիպված ամեն ինչ պատվիրում եմ»,- հավելել է նա:
Ռաշիդի խոսքով՝ փոքր հասակում իր մոտ ամեն ինչ կարգին է եղել, սակայն 10 տարեկանից հետո ինքը հանկարծակի սկսել է շատ արագ աճել:
«Բոլոր դժվարություններով ու անհարմարություններով հանդերձ՝ ես հպարտանում եմ հասակովս, քանի որ դրա շնորհիվ ես յուրահատուկ եմ»,- նշել է նա:















